ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ընտրողների և ընտրվողների միջակայքում

Ընտրողների և ընտրվողների միջակայքում
01.05.2012 | 00:00

Ընտրարշավի ավարտին մնում է չորս օր. իսկ հինգերորդ օրը կհայտարարվի օրհնյալ լռության 24 ժամ, որպեսզի ոչինչ չխաթարի ընտրողի անդորրը` ամփոփելու, եզրակացնելու, կողմնորոշվելու: Որպես կանոն, ընտրողը նախ պետք է ընտրի ոտքերով, հետո` մտքով, հետո` ձեռքով: ՈՒ դարձյալ որպես կանոն, երեք գործողություններն ունեն մի քանի տարբերակներ, բայց այդ մանրամասներն արդեն հրապարակման ենթակա չեն:

Ընտրությունների գլխավոր հարցը` լեգիտի՞մ կլինի հինգերորդ գումարման Ազգային ժողովը: Մայիսի 7-ին ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը կընդունե՞ն ընտրությունների արդյունքները, հետընտրական զարգացումները չե՞ն շարունակվի փողոցներում ու հարթակներում: Ընտրությունների արդյունքները կհամապատասխանե՞ն ընտրողների քաղաքական նախապատվություններին, թե՞ դարձյալ ընտրվողների մի մասը կորոշի ընտրողների նախապատվությունները:

Այս հարցերը, որ կարող են լրացվել էլի մի տասնյակ հարցերով, իսկապես ճակատագրական են իրենց պատասխանների մեջ:

Ի՞նչ իմացանք մենք քարոզարշավի անցած օրերին: 9 հորիզոնականներում հնչած հայտարարությունների ու հավաստիացումների արդյունքում ձևավորվե՞ց տասներորդը, որտեղ իսկապես պիտի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կատարվի, թե՞ Հայաստանի Հանրապետության N թվով ընտրողներ մնացին իրենց չընտրելու հաստատակամության մեջ, N թվով ընտրողներ մնացին իրենց հարկադիր ընտրության սահմաններում, N թվով ընտրողներ էլ 5-10000 դրամ կաշխատեն ու կսպասեն հաջորդ ընտրություններին: Արդյո՞ք կայացավ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ իմաստավորումը, բովանդակություն ստացա՞վ այդ +-30 վայրկյան տևող գործողությունը, և ի՞նչ բովանդակություն: Հասկացվե՞ց, թե ինչ է նշանակում ազատ կամահայտնություն:

Կուսակցությունները ջանք ու եռանդ չխնայեցին, բայց իրականում ունեի՞ն նրանք ասելիք, թե՞ ընդամենն իշխանություն դառնալու նրանց ցանկությունը լավ կամ վատ փաթեթավորված էր համոզիչ կամ անհամոզիչ բառերով:

Արդյո՞ք ժողովրդավարությունը Հայաստանում սկսել է ընկալվել իբրև ժողովրդի իշխանություն:

Արդյո՞ք Հայաստանի ժողովուրդը պատրաստ է իշխանություն լինելու:

Որքան էլ անհեթեթ է հնչում հարցը, այսօր հենց այս հարցն է ամեն ինչ որոշողը:

Իրականում ընդամենը շատ սահմանափակ հատվածն է պատրաստ և ունակ ընտրություն կատարելու և իր կատարած ընտրությունը հիմնավորելու և պատասխանատվություն կրելու: Այդ խիստ սահմանափակ հատվածի մեջ կուսակցությունները չեն տեղավորվում, որովհետև կուսակցությունների բոլոր անդամները պարտավոր են կատարել ու կատարում են կուսակցության որոշումները, իսկ կուսակցության որոշումներն ընդունում են խիստ սահմանափակ թվով մարդիկ: Մյուսները զինվորներ են, որ չեն կարող հրամանատարին իրենց կամքը թելադրել: ՈՒ եթե ընտրողների թվից հանենք կուսակցականներին, ի՞նչ թիվ կստանանք: Ընտրարշավի հրապարակված և չհրապարակված իրադարձությունները վկայում են, որ ընտրախախտումները, ընտրակաշառքները, ընտրությունների արդյունքների կեղծումը, ընտրությունների նկատմամբ թերահավատ-անհավատությունը հետևանք են հենց այդ իրողության` Հայաստանի ժողովուրդը պատրաստ չէ իշխանություն լինելու: Հայաստանի ժողովուրդը չի հաղթահարել անցյալի իներցիան և դեռ համաձայնում է, որ իրեն մոլորեցնեն, խաբեն, կաշառեն, ստեն ու շողոքորթեն, ի վերջո` կողոպտեն ու նետեն բախտի քմահաճույքին:

Ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր քաղաքական ուժերին չի հաջողվել իրենց և իրենց ընտրողների մեջ վերացնել ապակե պատը, որից այս ու այն կողմ ամեն ինչ տեսանելի է, բայց ոչ լսելի: Ամենածանր և ամենամռայլ տպավորությունը քարոզարշավից` երկխոսություն չի կայանում: Խոսողները խոսում են իրենց խնդիրների մասին` ստեպ-ստեպ այդ խնդիրները ներկայացնելով իբրև ընտրվողների խնդիրներ, լսողները լսում են ու սպասում, թե էլ ինչ կասեն: Հետո հեռանում են, ու` վերջ: Եվ սա կրկնվում է պարբերաբար:

Իբրև կանոն հիանալի են ստացվում կուսակիցների հանդիպումները, որտեղ ևս արդեն համարյա ասելիք չկա, որովհետև ամեն ինչ լավ հայտնի է, կա բուռն ոգևորություն, հաղթանակի ինքնաներշնչանք, ձևավորվում է միասնականության վարակիչ էներգիա, որ ունակ է փոփոխությունների: Բայց արդյունքի տեսակետից նման հանդիպումները վճռորոշ չեն, որովհետև կուսակիցներդ առանց այդ էլ հասկանալի պատճառներով քո համախոհներն են, խնդիրը նոր համախոհներ ստեղծելն է, համոզել ու ներգրավել նրանց, ովքեր գիշերը երազում քեզ հետ հանդիպում չեն որոնել, բայց կարող են լինել քո դաշնակիցը, եթե հավատան քեզ, ու վստահություն ներշնչես նրանց: Շա՞տ էին նման հանդիպումներն այս ընտրարշավում, թե՞ գերազանցապես յուրայինները հանդիպեցին յուրայինների հետ ու ոչինչ չտված-ոչինչ չստացած հրաժեշտ տվեցին միմյանց:

Եթե ժողովուրդը պատրաստ չէ իշխանություն լինելու, ո՞վ պիտի պատրաստի, ինչպե՞ս ու ինչո՞ւ: Որքան էլ տարօրինակ հնչի` հենց այս հարթության մեջ քաղաքականություն պիտի մտնի մշակույթը` իր ամբողջ բազմաշերտությամբ` պատմություն, կրթություն, գիտություն, ճարտարապետություն, գրականություն, քաղաքականություն, ու` այդ ամենի հասանելիությունը յուրաքանչյուրին: Իսկ մեր դեպքում կա միայն մի ռազմավարություն ու մի մարտավարություն` ամեն ինչի մեջ մեղավոր է իշխանությունը, ընդդիմությունն էլ ունի քննադատելու ու մեղադրելու իրավունք, բայց ոչ մի տեղ չի տեսնում իր պատասխանատվությունը: Բնականաբար, որովհետև պատասխանատու լինում են լծակներ ունեցողները, իսկ չունեցողները ինչի՞ համար պիտի պատասխանատու լինեն: Այդպես է, քանի դեռ երկիրը չի ընկալվում ընդհանրական, բաժանվում է իմ ու քո-ի, ու այդպես էլ կմնա, երևի:

Այս ամենը այսպես է, ու եթե նույնիսկ այսպես չէ, ավելի լավ, բայց կա շատ ավելի խորքային բովանդակությունը` լավ, ընտրություններն ավարտվեցին, կյանքը շարունակվեց, ինչ-որ մարդիկ չեկան, ինչ-որ մարդիկ եկան խորհրդարան, հետո՞:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծման ի՞նչ հեռանկարներ է ստանալու նոր խորհրդարանի ընտրությամբ: Վերջապես երկրի ներսում ու դրսում արմատավորվելո՞ւ է այն ընկալումը, որ այդ հարցը լուծվելու է ժողովրդավարության որոշակի մակարդակի հաստատումից հետո միայն: Ընդ որում` և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում:

Եթե քաղաքական ուժերն արտագաղթի կանխումը, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը տեսնում են նոր աշխատատեղերի ստեղծումով, ե՞րբ է հասունանալու և մարմին առնելու այն ընկալումը, որ Հայաստանի ապագան տնայնագործության, շինարարության, առևտրի, սպասարկման ոլորտի զարգացումը չէ, այլ արդյունաբերության վերագործարկումը: Ե՞րբ է մեծ արդյունաբերության, տնտեսության իրական դիվերսիֆիկացիայի ու օլիգոպոլիաների վերացման քաղաքական կամքն ի հայտ գալու: Եվ ո՞րն է լինելու խորհրդարանի դերն ու գործը այս խնդրի լուծման մեջ:

Ի՞նչ դեր ու ի՞նչ հեռանկարներ է իր համար ակնկալում Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում: Վերստի՞ն շարունակվելու են շրջափակումն ու Հայաստանի գործնականում անխաթար մեկուսացումը միջազգային տարածաշրջանային տնտեսական ծրագրերից: Փակ հաղորդակցուղիների ու օդային հաղորդակցության սահմանափակ հնարավորություններից բողոքելով` շարունակելո՞ւ ենք սրեր ճոճել աշխարհի անարդարության դեմ, թե՞ ստեղծելու ենք մեր պաշտպանական վահանը:

Թեև վաղուց չենք անվանում, բայց շարունակելո՞ւ ենք մեր պատմական կոմպլեմենտարիզմը, որն իրականում վերածվել է ոչ թե փոխլրացման քաղաքականության, այլ փոխբացառման ու փոխքայքայման: Եվս մեկ տասնամյակ մեր անկախության բացասման քայլե՞ր ենք անելու մեր խնդիրների լուծումներով մե՛կ Մոսկվայի, մե՛կ ԵՄ-ի, մե՛կ Վաշինգտոնի դռները թակելով: Վերջապես մեր արտաքին քաղաքականությունը դուրս գալո՞ւ է պատասխանողի կարգավիճակից, թե՞ հանդգնելու է սեփական քայլն անել ազգային խնդիրների լուծման ճանապարհին, որ բխում է սեփական անհրաժեշտությունից ու սեփական նախաձեռնություն է` սեփական պատասխանատվությամբ:

Ինչպե՞ս ենք լուծելու ազգային կենսապահովման հարցը: Պետական պարտքը թույլ տալո՞ւ է նոր վարկեր ներգրավել: Գտնվելո՞ւ են վարկատուներ, որ մեզ վճարունակ համարեն: Ովքե՞ր և ի՞նչ պայմաններով: Դեռ ինչքա՞ն ենք ապրելու մեր ժառանգներին մեր պարտապանը դարձնելով: Խորհրդարանն իր օրենսդրական, քաղաքական, վերահսկիչ գործառույթներով այս հարցի պատասխանից ինչքա՞ն է խուսափելու ու գործադիր իշխանությանը վերագրելու:

Արտաքին աշխարհում ի՞նչ իմիջ ենք ունենալու, ընդմիշտ հետխորհրդային տարածքի՞, եվրաինտեգրման առաջանցիկ քայլեր անողի՞, անցյալի մեջ խրվածի՞, միայն ներկայով ապրողի՞, ապագան ծրագրող երկրի՞:

Մայիսի 6-ին ընտրվող խորհրդարանը կարողանալո՞ւ է այս հարցերին պատասխանել, թե՞ խրվելու-մնալու է ներքաղաքական շահերի սպասարկման տիղմի մեջ, որից առավելագույնը քամվում է պետական կառավարման համակարգի ձևավորման հնարավորությունը, իսկ հետևանքը մնում են բառերը, բառերը, բառերը, որոնց չի հետևում գործը: Իսկ եթե հետևում էլ է, գործնականում ոչինչ չի փոխվում:

Խորհրդարանական ընտրությունները քաղաքական գործընթացի մի օղակն են միայն, աշխարհը չի սկսվել ու չի ավարտվելու 131 պատգամավորների ընտրությամբ: Ամենակարևորը, որ և՛ ընտրողները, և՛ ընտրվողները զգան, հասկանան ու գիտակցեն իրենց քայլի իմաստը: Ի վերջո, հայոց պառլամենտը հայ ժողովրդի կյանքում որևէ դեր ունենալո՞ւ է, թե՞ ոչ, բացի, իհարկե, անկախության հայտանիշ լինելուց:

Հինգ օր դեռ կա, մտածենք:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ